«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի խոչընդոտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սա վերահաստատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ԱԺ հայտարարությունների ժամին:
«Ուզում եմ վերահաստատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ եթե այս իշխանություններն ունեն բավարար կամք՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խոչընդոտելու: Այո, այդ գործընթացը պետք է կազմակերպվի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար: Ընդ որում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի»,-ասաց Իսայանը:
Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո: