Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանն ակնկալում է ստանալ ապրիլի 24-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դա կարևոր քայլ կլինի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործում:
«Պաշտոնապես տեղեկացվել ենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը տեղ հասել է: Պատասխանն ակնկալում ենք ապրիլի 24-ին: ԱՄՆ նախագահի ճանաչումը մեծ բան է փոխելու, որովհետև ԱՄՆ-ն աշխարհի գերհզոր պետություն է, ՆԱՏՕ-ի առաջատար անդամներից է: Հույս ունեմ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կունենա շարունակություն առանձին օրենքների, առանձին սանկցիաների տեսքով այն պետության նկատմամբ, որը 100 տարի առաջ իրականցրել է ցեղասպանություն, և որը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը մեր օրերում: Այսինքն՝ այդ պետության վերաբերմունքում ոչինչ չի փոխվել Հայաստանի հանդեպ: Մենք դա տեսանք վերջին պատերազմի ժամանակ, երբ նպատակաուղղված ագրեսիվ քաղաքականություն էր տարվում Հայաստան պետության դեմ: Կարծում եմ, որ դա (խմբ. Ցեղասպանության ճանաչումը- խմբ.) սաստելու նման մի բան կլինի»,- ասաց Հարություն Մարությանը:
Ապրիլի 14-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը պաշտոնական նամակով դիմել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: