Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ապրիլի 26-ին հանդիպել է Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց, Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատար Վարդինե Օհանյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳն լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Արա Այվազյանն առանձնահատուկ կարևորել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին որպես Լիբանանի նախագահի անձնական ներկայացուցիչ նախարարի այցի խորհուրդը՝ ի նշան Ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու Լիբանանի հաստատակամության, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամության։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Լիբանանի Հանրապետության Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատարն առանձնահատուկ կարևորել են լիբանանահայ համայնքի ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:
Անդրադարձ է կատարվել լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: