Արդեն տևական ժամանակ է,ինչ այցելում եմ մեր հանրապետության տարբեր մարզեր,հավաքագրելու ու բացահայտելու մեր երկրի այն տարածքներն, որոնց մասին քիչ են պահպանվել տվյալները կամ հուշագրությունները,կամ մեզ են հասել ավանդազրույցների միջոցով: Եվ ահա ավանդապատումների հիմնական աղբյուր են հանդիսանում մեր պատմիչների կողմից թողած աշխատությունները,տվյալ շրջանի պատմիչների ու գրիչների թողած հուշագրությունները, սեպագիր ու վիմագիր արձանագրությունները, պատմիչների աշխատությունները և վերջապես ավագ սերնդի հիշողություններն,որոնք փոխանցվել են սերնդեսերունդ գրավոր կամ բանավոր խոսքոի միջոցով:Հայաստանի ցանկացած մարզ կամ քաղաք ունի իր պատմությունը, տեսարժան ու պատմական վայրերը,բարքերը, սովորույթները և վերջապես ավանդապատումներն ու ավանդազրույցներն,որոնք փոխանցվում են սերնդեսերունդ գրավոր կամ բանավոր խոսքի միջոցով:
Այս ավանդազրույցները և պատմությունները մեզ են հասել տվյալ ժամանակաշրջանի գրիչների կամ պատմիչների միջոցով:Հերթական տեսարժան վայրի պատմություններն ու ավանդազրույցներն ուսումնասիրելու համար որոշեցի այցելել նախնիներիս ծննդավայր՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ,մասնավորպես Մարտունիի տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղ: Այստեղ որպես ուղեկից ու տարածքի գիտակ ինձ հետ միացավ իմ լավագույն բարեկամներից ու տեղաբնակներից Մարիամ Գալստյանը: Նա այնպիսի ոգևորվածությամբ էր ներկայացնում ու պատմում յուրաքանչյուր հուշակոթողի ու վայրի մասին,կարծես լիներ այդ ժամանակների խոսուն վկան: Մի քանի խոսքով ներկայացնեմ մարզի նախապատմությունը:Գեղարքունիք գավառը գրավում էր Գեղամա լճի`Սևանա լիճ ավազանի խոշորագույն մասը, իսկ ավազանի մյուս փոքրիկ մասը կազմում էր Սոդք գավառը:
Գեղարքունիքը տարածվում էր լճի հյուսիս-արևմտյան կողմում, իսկ Սոդքը`հարավ-արևելյան: Գեղարքունիքն ու Սոդքը միասին կոչվել են նաև Գեղամա երկիր:Ըստ ավանդության,Գեղարքունիք անունը կապվում է ավանդական Գեղամի անվան հետ:Այդ են վկայում այժմյան Գավառի`Կամո,Մարտունու և Վարդենիսի շրջանների,ինչպես նաև նախկին Կարմիրի շրջանի մի քանի գյուղերի արձանագրությունները,որոնք հնում մտնում էին Վարդենիսի շրջանի մեջ և պատմականորեն կապված են եղել նրա հետ: Հնում այս բոլոր լճափնյա շրջանները միասին կոչվել են Գեղամա երկիր և բաժանված են եղել երկու գավառի`Գեղարքունի,որը համապատասխանել է ներկա Գավառի և Մարտունու շրջաններին,և Սոդք,որի մեջ, բացի Վարդենիսի ներկա շրջանից, մտնում էին Կարմիրի շրջանի լճափնյա մի քանի գյուղեր:
Միջին դարերում այս շրջաններն ունեցել են զանազան անուններ,Կամոյի շրջանը կոչվել է Ծմակ գավառ, ապա`Գավառ,որը ժողովրդի մեջ գործածական է Քյավառ ձևով:Մարտունու շրջանն իր ամենամեծ ավանի անունով կոչվել է Կոթի գավառ,ապա նաև այժմյան շրջկենտրոնի հին անունով`Կզնուտ գավառ:Վերջին դարերում բոլոր այս շրջանները կոչվել են Գեղաքունի-Գեղարքունի-Գեղարքունիք:Այս անվան ծագումը շատ հին է.դեռևս ուրարտական պետականությունից առաջ ներկայիս Գավառի շրջանում ապրել է Գել անունով մի ցեղախումբ ,որին նվաճած ուրարտացիներն իրենց արձանագրությունների մեջ այդ երկրամասն անվանում են Վելիքուխի և Գելակունի ձևերով:
Սրանք իրենց լեզվական առանձնահատկությամբ նույն իմաստ ունեն և նշանակում են Գելերի երկիր:Հենց այդ Գելակունի երկրանունն էլ ձևափոխվել է Գեղարքունի-Գեղարքունիք ձևերի:Պատմական Հայաստանի վարչական հին բաժանմամբ լճափնյա այս երկրամասը մտնում էր Սյունիք նահանգի մեջ և կազմում էր նրա երկու գավառը`Գեղարքունի և Սոդք: Երկրամասի տերն էր Սյունյաց նախարարական տան մի ճյուղը: Գեղարքունիքի իշխանական նստոցը Կոթ ավանն էր`այժմ Ներքին Գետաշեն,ուր միանում էին Արարատյան դաշտից եկող երկու ճանապարհները և որտեղ կանգնած է 9-րդ դարի վերջին կառուցված Կոթա Սուրբ Աստվածածին նշանավոր վանքը:Ինչ վերաբերվում է Սոդքին`Վարդենիսի շրջան,ապա նրա թե սահմանները և թե իշխանական տան պատկերն այդքան էլ պարզ չեն:
Հնագույն շրջաններում Սոդքից արևելք գտնվող Վայկունիք գավառն արդեն 13-րդ դարում միացած էր Սոդքին, և Ստեփանոս Օրբելյանը Սոդք գավառի գյուղերի իր ցանկում ընդգրկել է նաև այդ գավառի գյուղերը`իշխանական նստոց Ծար ավանի հետ միասին:Լճափնյա այս շրջանները պարսից տիրապետության օրոք կառավարել են հայ մելիքները,որոնցից առավել նշանավոր էր Շահնազարյանների տոհմը`նստոց ունենալով Մեծ Մազրա գյուղը, ապա`Պուղիկյանների տոհմը ,որ տիրում էր ներկա Մարտունու շրջանի մեծ մասին`նստոց ունենալով Փառականք կամ Փառակունիս գյուղը,որը հետագայում կոչվել է Վերին Քյոլաղռան,իսկ ըստ Սեդրակ Բարխուդարյանի հաղորդած տվյալների`նշված բնակավայրը անբնակ է:
Գեղարքունին ծայրից ծայր հատող այդ ճանապարհների վրա մինչև օրս մնում են մի շարք հին հուշարձաններ:Այսպես . Վայոց ձորից եկող ճանապարհի վրա, Սելիմի լեռնացքի կատարին 14-րդ դարի սկզբներում կառուցված հոյակապ քարավա-նատունն է,իսկ ուղու վտանգավոր հատվածների եզրերին ուղեցույց հանդիսացող Ցից քարերը: Սևանից դեպի Կամո ընթացող հատվածի վրա, Ադկալա-Հայրավանք գյուղերի մոտ, տարածված են «Ազատ քաղաքի» ավերակները,ուր կան մեծ շինություններ, հավանաբար նաև քարավանատան ավերակներ,որոնց եզրին ,լճափին մոտ, միջնադարյան ամուր և բարձրաբերձ պարիսպներով ու բուրգերով մի բերդ է, իսկ ճանապարհի եզրին կանգնած է խաչքար-ճանապարհախաչը 1274 թ արձանագրությամբ:
Ակադեմիկոս Մանանդյանն այս վայրը համարում է Դվին –Պարտավ Շավանում 1956թ հայտնաբերվեց մի արձանագրություն ,որի բովանդակությունից հետևում է,որ այդ ուղու պահպանությունը պետական գործ է համարվել:Գեղարքունիքը ճանաչված է իր բերդերով, վանքերով և այլն: Այսպիսով՝ բացահայտելով նախնիներիս մարզը ներկայացնում եմ ակնարկ գեղեցիկ բնակավայրի,Մարտունու տարածաշրջանում գտնվող Ներքին Գետաշեն գյուղի մասին:Ներքին Գետաշենը, գյուղ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հին անվանումը՝ Կոթ։ Միջին դարերում, Կոթը հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։Ներքին Գետաշեն գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 2 կմ հյուսիս-արևմուտք` Արգիճի գետի ափին` Սևանա լճից ոչ հեռու։ Ունեցել է Ներքին Ադյաման անունը։
Գյուղը նախկինում Ադիաման անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում:Ժամանակակից գյուղը հիմնադրվել 1828-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Թոփրախկալա գյուղից, ինչպես նաև Մուշից գաղթած հայերի կողմից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում են 2 միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, կապի բաժանմունք, բուժկետ, գրադարան։ Ներքին Գետաշենի տեղում եղել է դեռևս 9-րդ դարից հայտնի Կոթ գյուղաքաղաքը, որը 9-10-րդ դարերում առևտրական կարևոր հանգույց էր Դվին-Պարտավ քարավանային ճանապարհի վրա, ինչպես նաև Բագրատունիների արքունական ձկնորսարանը։ Գյուղը և նրա շրջակայքը հարուստ են հնություններով։Գյուղի կենտրոնում գտնվում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ (19 դ.) և Սբ. Վարդան (9-10 դդ.) եկեղեցիները, Սբ. Ամենափրկիչ մատուռը (12-13 դդ.)։
Գյուղի արևմտյան կողմում` բլրի վրա, գտնվում են նշանավոր Կոթավանքը կամ Կոթի Սուրբ Աստվածածին եկեղեցին (9 դ.), բազմաթիվ խաչքարեր։ Գյուղի մոտ կան նաև դամբարանադաշտ, միջնադարյան գյուղատեղի և 11-13-րդ դարերի «Իշխանհատիկ» եկեղեցին։Մարտունի ավանում «Ներքին Կզնուտ» բնակեցվեցին Ալաշկերտի գավառի Մանգասար գյուղից գաղթածները, Գեղհովիտում «Վերին Կզնուտ» Մանգասար, Քուպշրան, Զանգե Դիդամ, Ղամուր, Սչտլու և Ղզլղայա գյուղերից եկածները, Զոլաքարում՝ «Ակնախառ» Զիրոյի, Խամուր, Մանգասար գյուղերից եկածները, Ծովինարում՝ Կոփ, Յոնջալու, Շեյխ, Աղուբ գյուղերից եկածները։1830 թ ձմռանը հիմնականում ավարտվեց գաղթի նախապատրաստումը։ Ժողովրդական գաղթը սկսվեց 1830 թվականի գարնանը։ Թոփրախկալայից գաղթածների մի մասը բնակություն հաստատեց Ներքին Ադյամանում։ Դա նախկին Կոթ գյուղաքաղաքն էր։ Թուրքական նվաճողները ճիշտ չեն կարողացել անունը արտասանել և բնակավայրը կոչել են Ադիյաման՝ անունը վատ է, սոսկալի է։ Ներքին Ադյամանում բնակչության գաղթը ղեկավարում էր Մելիք (իշխան) Հակոբ Եղյանը։
Երվանդ Լալայանը նշում է, որ գյուղում Կոթավանքին մոտիկ գտնվում է մեկ այլ մեծ գերեզմանատուն։ Դա հայտնի է Խաչեր անունով, այն փակ է։ Ականավոր հնագետը չի նկատել գյուղի մեջտեղ Մյասիկ Գրիգորյանի (Շոխոյան) տնամերձում գտնվող գերեզմանատունը, ուր մինչև այժմ էլ կանգնած են բազմաթիվ խաչքարեր։ Բնակավայրի ավերակների հետքերը ձգվում են յոթ կմ երկարությամբ։ Նրա սկիզբը գալիս է հնագույն, նախապատմական ժամանակներից։ Ե. Լալայանը գյուղի տարածքում պեղումները կատարել է 1907 և 1908 թթ.: Նա արդյունավետ աշխատանք է կատարել հատկապես 1908 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին։ Լալայանը ղեկավարել է պեղումները։ Հայտնաբերված իրերը պահպանվում են Հայաստանի Պատմական թանգարանում։ 1908 թվականի հոկտեմբերի 17-ին գալով Ներքին Ադյաման, նա ստեղծում է բանվորական երկու խումբ։
Լալայանը գյուղում կատարել է 53 դամբարանի պեղում, որոնց արդյունքները ամփոփված են «Գեղարքունիք կամ Նոր Բայազետի գավառ» աշխատության «Ազգագրություն» բաժնում։Բոլոր դամբարանները պատկանում են բրոնզե դարի վերջին շրջանին։ Այդ են ապացուցում դամբարաններում հայտնաբերած իրերը։Այստեղ շրջելիս նկատեցինք նաև հայկական խաչքարերի դաշտը,որտեղ պահպանվել են զգալի թվով ու տարբեր ժամանակաշրջաններին պահպանվող արվեստի այս նմուշները:Գյուղում պահպանվել է նաև հին մատուռը: Ավանդության համաձայն մի մարդ ցանկանում էր քանդել այն,որպեսզի տեղում տուն կառուցեր,սակայն քանդելու ընթացքում նա մեջքի ցավ է ունենում և նա որոշում է այլևս չշարունակել իր ծրագիրը՝փոխարենը նա նորից հետ է կառուցում այն, որից հետո ցավերն իսկույն վերանում են: Շրջելով գյուղում կարելի է տեսնել բազմաթիվ աղբյուրներ, հին գերեզմանատունն ու պատմական հյուղակներ, տարբեր հուշարձաններ և այլն:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի