Գերմանիայում, պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին, հակաիսրայելական գործողությունների ալիք է բարձրացել: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Մասնավորապես, մայիսի 12-ի երեկոյան Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա նահանգի Գելզենկիրխեն քաղաքում շուրջ 180 ցուցարար փորձել է քաղաքի կենտրոնով շարժվել դեպի սինագոգ: Միևնույն ժամանակ, ցուցարարներից ոմանք հակասեմական բովանդակությամբ կարգախոսներ են բղավել: Ոստիկանությունը մահակներ է օգտագործել, տուժածների մասին չի հաղորդվում:
Նույն օրը, Հանովերի կենտրոնում, ոստիկանությունը դադարեցրել է հակաիսրայելական ցույցը` հակահամաճարակային միջոցառումները չպահպանելու պատճառով: Ակցիային մասնակցում էր շուրջ 550 մարդ, որոնցից շատերն առանց դիմակի էին: Երկու մասնակից փորձել են այրել Իսրայելի դրոշները, բայց ոստիկանությունը դա թույլ չի տվել: