Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որոնք Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ոտնձգության են ենթարկվել, փոփոխություն չի կրել, իրադրությունը շարունակում է մնալ լարված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում:
«Մեր Զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է. առաջին՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն՝ մաքսիմալն անել ռազմական կամ պատերազմական բախման որևէ սցենար բացառելու համար ու երկրորդ, հասնել նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: