«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ապարանում կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում է բանավեճի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն ընդգծել է. «Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա»։
«Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»,– հավելել է նա:
Փաշինյանի խոսքով՝ ինքը քանի օր է՝ ԼՂ հակամարտության պատմության վերաբերյալ գնահատականներ և փաստեր է հրապարակում, և դրանց որևէ բովանդակային հակադարձում չի եղել:
Նա նկատել է, որ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները շատ լավ առիթ են, որպեսզի ՀՀ քաղաքացին քաղաքացիական վրեժ լուծի 1996 թվականից հետո կեղծված ընտրությունների համար, քանի որ այդ ընտրություններում քաղաքացու ձայնը խլվել է և այդ ձայնը խլած բոլոր գործող անձինք, ըստ էության, մասնակցում են գալիք ընտրություններին: «և ընդհակառակը՝ քաղաքացին պետք է վերահաստատի իր իշխանությունը և այդ իշխանությունը վերահաստատելու համար անհրաժեշտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանա ընտրողների ձայների 60 տոկոսը»,- շեշտել է Փաշինյանը։
Նրա բնորոշմամբ՝ դա շատ բարդ ընտրություն է, և այն, ըստ էության, պետք է գնահատական լինի երրորդ հանրապետության ողջ պատմությանը, քանի որ այդ հանրապետության բոլոր ղեկավարները մասնակցում են հունիսի 20-ի ընտրություններին։