Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի, 2021

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 64 — Հայի Տեսակը Փոխել Պէտք Չէ, Պէտք Է Օգտագործել Հայի Տեսակի Լաւ Կողմերը․ «ԱՊԱԳԱՅ ՀԱՅԿԱԿԱՆԸ» Նոր Որակի Հայաստան Կստեղծի

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

«ԱՊԱԳԱՅ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնութիւն է՝ մեկնարկած հայերի եւ ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ստեղծել Հայաստանի եւ հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցութիւն եւ փոխըմբռնում: Նախաձեռնութեան նպատակն է ստեղծել Հայաստանի եւ հայութեան կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնում։ Այն նախաձեռնել են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդեանը (Հայաստան), Նուպար Աֆեյեանը (ԱՄՆ) եւ Ռուբէն Վարդանեանը (Ռուսաստան)։  Նախաձեռնութիւնը սահմանել է 15 նպատակ, որի իրագործմանը կարող է միանալ ցանկացած ոք։ Այս պահին նախաձեռնութեանը միացել է մօտ 16 հազար մարդ՝ աշխարհի տարբեր երկրներից։

«Զարթօնք» օրաթերթը «ԱՊԱԳԱՅ ՀԱՅԿԱԿԱՆ»-ի մասին աւելի մանրամասն զրուցել է նախաձեռնութեան համանախաձեռնող Արթուր Ալավերդեանի հետ։

— Պարոն Ալավերդեան, շնորհակալ եմ հարցազրոյցի համար։ Խօսենք ապագայի Հայաստանի մասին, որի իրականացման ճանապարհին դուք եւս ունէք ձեր ներդրումը։  Ինչպէ՞ս առաջացաւ «ԱՊԱԳԱՅ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնութիւնը ստեղծելու գաղափարը։

— Շնորհակալութիւն այս հնարաւորութեան համար։ Գիտէք, մենք՝ նախաձեռնողներս երկար ժամանակ է Հայաստանում զբաղւում ենք տարբեր ծրագրերի իրականացմամբ։ Ես ուժանիւթի ոլորտում, արեւային ուժանիւթի, գիտութեան եւ այլն։ 2011 թուականից ես Հայաստանում տարբեր ծրագրեր եմ իրականացնում։ Ռուբէն Վարդանեանը՝ 20 տարուայ ընթացքում 700 ծրագիր է իրականացրել։ Նախաձեռնութեան միւս անդամները եւս տարատեսակ ծրագրեր են իրականացնում։ Եւ եկաւ մի պահ, որ հասկացանք՝ աւելի լայնածաւալ մօտեցում է հարկաւոր։ Քննարկումները երկար ժամանակ ընթանում էին եւ նախորդ տարի որոշուեց ստեղծել այս հարթակը, ունենալ երկարատեւ ծրագիր, որի շուրջ կը համախմբուեն մարդիկ աշխարհի տարբեր երկրներից։ Այսինքն՝ խնդիր կար աւելի երկարատեւ ծրագրային մօտեցում ցուցաբերելու, որի հանգրուանը եղաւ «ԱՊԱԳԱՅ ՀԱՅԿԱԿԱՆԸ»։

—  «ԱՊԱԳԱՅ ՀԱՅԿԱԿԱՆԸ» իր առջեւ դրել է  15 նպատակ՝ Հայաստանն աւելի լաւը դարձնելու։ Ի՞նչ ճանապարհով էք դա իրականացնելու։  44-օրեայ պատերազմը ինչպէ՞ս է ազդել ձեր այս նախաձեռնութեան ստեղծման վրայ։ Արդեօք պատերազմից յետոյ աւելի ակնառու չեղա՞ն այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջեւ։

— Կարող եմ ասել, որ 44-օրեայ պատերազմը աւելի արագացրեց  գործընթացը ու աւելի կարեւոր դարձրեց այն ծրագրերի իրականացումը, ինչը մենք մտածում էինք։ Պատերազմը, ընթացքը եւ  արդիւնք աւելի ակնառու դարձրեց մեր թերութիւնները, բաց կողմերը ու սրեց առկայ խնդիրները։ Այսինքն՝ աւելի տեսանելի դարձան այն խութերը, որոնց մասին մենք խօսում էինք դեռեւս պատերազմից առաջ։ Կարելի է ասել պատերազմը, ինչ-որ առումով խթան դարձաւ եւ ցոյց տուեց, թէ ինչպէ՞ս պէտք է առաջ շարժուել։

— Այսօր Հայաստանն ի՞նչ ներուժ ունի, որը կարելի է օգտագործել նոր մոդելի Հայաստան կառուցելու համար։ Գաղտնիք չէ, որ պատերազմից յետոյ Հայաստանում հասարակութեան շրջանում կա հիասթափութիւն, ընկճուածութիւն։ Ըստ տարբեր ընկերաբանական հարցումների, Հայաստանը լքել ցանկացողների թիւը բաւական մեծ է։ Դա կապուած է երկրում անորոշութիւնից, ապագայ չտեսնելուց։ Ինչպէ՞ս է «ԱՊԱԳԱՅ ՀԱՅԿԱԿԱՆԸ» մարդկանց երկրում ապրելու եւ արարելու, ազգային ինքնութիւնը պահպանելու հիմք տալու։ Ինչպէ՞ս պէտք է յաղթահարել այս բոլոր բարդոյթներն ու շարժուել առաջ, ստեղծել նոր Հայաստան, ինչի նպատակը դուք ունէք։

— Առաջին հերթին այդ հիասթափութիւնը յաղթահարելու միջոցներից մէկն այն է, որ մարդը յոյս տեսնի, ճանապարհ տեսնի այս վիճակից դուրս գալու համար։ Իհարկէ, ճիշտ էք, որ մարդիկ հիասթափութիւն են ապրել, բայց, որպէս կանոն, ուժեղ մարդիկ այդ վիճակը յաղթահարում են հետեւեալ ձեւով՝ իրենք էլ աւելի են իրենց ուժերը հաւաքում, սթափւում, սկսում աւելի իրատեսական լինել ու դժուարութիւնները քայլ առ քայլ յաղթահարել։ Յուսով եմ՝ մեր նախաձեռնութիւնը ինչ-որ կերպ այդ հարցում կ՛օգնի։ Հասարակութիւնը որպէս կենդանի օրկանիզմ , ցանկացած ծանր արհաւիրքից յետոյ մի քանի փուլ է անցնում։ Սկզբում ընկճախտն է, այնուհետեւ սկսում է պայքար դրա դէմ ու ինչ-որ պահի գտնում ես բիւրեղներ, որից կարելի է կառչել ու ամեն ինչ ուղղել։ Հիմա յուսով ենք մեր նախաձեռնութիւնը կարող է դառնալ այդ բիւրեղը։

{persons} (07 августа 2020). Еревaн

— «ԱՊԱԳԱՅ ՀԱՅԿԱԿԱՆԸ» Հայաստանի զարգացման մասին է՝ տնտեսական, սոցիալական։ Ու՞ր է այստեղ հայ մարդու զարգացումը, գիւղացի մարդու զարգացումը, մտային յեղափոխութիւնը։ Ցանկացած երկրի զարգացում գործնական քայլեր է պահանջում, որի մէջ բանալի ազդակը մարդն է, երկրի բնակիչն է։ Տուեալ դէպքում հայ մարդը։ Չէ որ անկարելի է երկիր զարգացնել, երբ քաղաքացին կամ գիւղացին ունի կարծրատիպեր, սնահաւատութիւն, բաւարար կրթուած չէ, իր ապագան կապում է այլ երկրների հետ, կարծում է, որ օրինակ Փութինը պէտք է գայ ու փրկի իրեն, չափազանց ինքնավստահ, դժուարութիւնների առաջ փախչում է, 2 մլն վարչապետեր ու նախարարներ ունի եւ այլն։ Ապագայ հայկականի գործնական քայլերը որոնք են այս առումով։

— Տեսէք, այստեղ պէտք է խօսել երկարաժամկէտ ու կարճաժամկէտ մօտեցումների մասին։ Երկարաժամկէտ մօտեցումն այն է, ինչ գրուած է մեր  15 նպատակներից մէկում՝ կրթութիւնը պէտք է դառնայ մեր աստուածը։ Կրթութիւնը պէտք է դառնայ մեր գերակայութիւնը։ Մենք դա հասկանում ենք ու արդեն սկսել ենք գնալ այդ ճանապարհով։ Իսկ կարճաժամկէտ խնդիրներն այն է, որ մենք պէտք է նախաձեռնութիւնում ներգրաւենք մասնագիտական  խմբերի՝ տարբեր հարցերի շուրջ որոշումների կայացման համար։ Մեզ պէտք է աշխատանքը շարունակել մասնագիտական շահագրգիռ խմբերի հետ, որպէսզի կարողանանք շահող դուրս գալ։

Ժամանակակից պետութիւնները ու մեծ ընկերութիւնները օգտագործում են լայնածաւալ ներգրաւման բաց համակարգեր, որպէսզի կարողանան ճիշտ լուծումներ տալ խնդիրներին։ Հիմա նոյն՝ ցանցային մօտեցումը մեզ մօտ է առկայ, որ կարողանանք մասնագիտական խմբեր ձեւաւորել ու բոլոր հարցերի շուրջ ճիշտ ու արհեստավարժ լուծումներ գտնել։

— Հայաստանում հիմնականում ո՞ր ոլորտներն են, որ ունեն շատ լուրջ աղբիւրներ՝ չիրացուած աղբիւրներ, զարգացնելու՝ կրթութիւն, գիտութիւն, մշակոյթ, տեղեկատուական արհեստագիտութիւն եւ այլն։ Վերջինը կարծես վերջին մի քանի տարիներին զարգանում է Հայաստանում։

— Ես կարծում եմ, որ կրթութիւնն ու գիտութիւնը պէտք է դառնան կեդրոնական միջուկ մնացած բոլոր ոլորտների զարգացման համար։ Այսօրուայ տնտեսութիւնը հնարաւոր չէ կառուցել ու պատկերացնել առանց գիտութեան մէջ լուրջ ներդրումների, ժամանակակից արհեստագիտութեան։ Այդ կորիզը ազդելու է մնացած բոլոր ոլորտների վրայ՝ գիւղատնտեսութեան, կրթութեան, զբօսաշրջութեան եւ այլն։ Մեզ հարկաւոր է նոր ճարտարարուեստագիտութիւն՝ հիմնուած նորագոյն արհեստագիտութեան հիման վրայ, որոնք ապագայում մեծ շուկաներ կ՛ունենան։ Մենք պէտք է արագ աճող շուկաներում կարողանանք նոր ճարտարարուեստ ձեւաւորենք ու միջազգային շուկայի հետ աճենք։ Մենք պէտք է կիրառենք, մշակենք ու ստեղծենք այնպիսի արհեստագիտական ճիւղեր, որոնք կազդեն բոլոր ոլորտների վրայ ու նոր պատկեր կը ձեւաւորեն երկրում։

— Կը նշէ՞ք երեք խնդիր, որը այս նպատակներին հասնելու, նոր որակի Հայաստան կառուցելու ճանապարհին կարող է խանգարել։

— Առաջինն այն է, որ մենք պէտք է պայմանաւորուենք, թէ ինչ Հայաստան ենք ապագայում ուզում։ Մենք պէտք է մէկ կարծիք ունենանք ու մէկ ճանապարհ եւ բոլորս այդ ճանապարհով գնանք։ Կարեւորը ու ամենադժուարը դրա շուրջ պայմանաւորուելն է։ Միւսը՝ կարծում եմ շատ դժուար է Սփիւռքից դէպի Հայաստան ներգրաւել, օրինակ, 100 հազար մեր հայրենակցի, որպէսզի այս նիզակակէտը կարողանանք փոխել։ Այսինքն՝ այստեղ բնակուելու, խելացի ու գործունեայ բնակիչներ, նոր մտածելակերպ ու մշակոյթ բերելու համար։ Երրորդ խնդիրը իմ պատկերացմամբ այն է, որ մարդիկ սիրում են պարզ լուծումներ։ Օրինակ՝ փրկիչ կանչենք հարցը լուծի։ Բայց  այս ամենը շատ բարդ հարցեր են ու տանջալից աշխատանք պահանջող։

— Դրա համար կարծում եմ հայ հասարակութեան հետ աշխատելու առումով ձեզ համար բարդ է լինելու։

-Այո, մենք պատրանքներ չունենք այդ առումով։ Դրա համար մեծ խնդիրը, որ կա մարդկանց գիտակցութիւնը փոխելն  է, որը հեշտ չի լինելու։ Պէտք է ձեւաւորուի այն պատրաստակամութիւնը, որ իրենք պէտք է լծուեն այս դժուար աշխատանքին։ Երբ մէկին ասում ես արի հեշտ գործ կայ, գալիս է, բայց երբ ասում ես բարդ է, դժոխք է, պէտք է ատամները սեղմած աշխատել, այ դա դժուար է։ Հայի տեսակը փոխել պէտք չէ, պէտք է օգտագործել հայի տեսակի լաւ կողմերը։

— Հասկանալի է, որ այս նախաձեռնութիւնը քաղաքական նպատակներ չի հետապնդում, սակայն ինչ որ մի տեղ ընկերաբանականը քաղաքականի ու տնտեսականի հետ նոյն  խաչմերուկում են յայտնւում։ Օրինակ, ինչպէ՞ս կարելի է երկիր զարգացնել առանց տարիների փտածութիւնը վերացնելու։ Ի՞նչ տեսլական ունէք այս առումով։ Եթէ դոյլը  10 տեղից ծակ է, այն ինչքան էլ փորձենք չի լցուելու։ Ինչպէ՞ս պէտք է դա անել։

— Իհարկէ, բոլոր հարցերն էլ ինչ-որ չափով քաղաքական շերտ կամ բովանդակութիւն ունեն։ Բայց, եթէ մենք կազմակերպուած չենք որպէս քաղաքական կուսակցութիւն, քաղաքական մասնակից, մենք չենք ձգտում իշխանութեան, հետեւաբար դա քաղաքական չէ։ Մենք յստակ դա ասում ենք։ Իհարկէ, այդ հարցերի շուրջ մի կողմից քաղաքականութիւնն է գալիս կպնում։ Մենք որպէս հասարակական ուժ, քաղաքացիների խումբ գալիք կառավարութեանը ասելու ենք՝ սա ենք ուզում անել ու միասին պէտք է անենք։ Առանց կառավարութեան, պետական համակարգի դա չի ստացուի։ Բնական է, որ պետական համակարգի ձեւանմուշն էլ պէտք է ձեւափոխուի, վերանայուի, որպէսզի հնարաւոր լինի այս ամեն ինչը իրականացնել։ Այն ձեւանմոյշներով, որով մենք շարժուել ենք վերջին 30 տարիներին, չենք տեսնում որեւէ հնարաւորութիւն այս ծրագրերի իրականացման համար։ Մենք համագործակցելով պէտք է այդ ամեն ինչը իրականացնենք։

— Ապագայ հայկականի 15 նպատակների մէջ մեծ տեղ ունի նաեւ Սփիւռքը, որը Հայաստանի համար ուրոյն աջակից ուժ է եղել անկախութիւնից ի վեր մինչ այսօր։ Նախ կը ցանկանայի իմանալ, ինչպիսի՞ն էր Սփիւռքի ներկայացուցիչների արձագանքը այս նախաձեռնութեանը։

— Սփիւռքից մենք միայն դրական արձագանք ենք ստացել։ Շատերն են հետաքրքրած նախաձեռնութիւնով։ Նրանք հիմնականում ողջունում են  նախաձեռնութիւնը, շատերն արդեն ներգրաւուել են։ Համանախաձեռնողների մօտ 45 տոկոսը Սփիւռքից են, մնացածը Հայաստանից ու Արցախից։

— Սփիւռքեան շատ գործիչներ, վերլուծելով  44-օրեայ պատերազմի պարտութիւնն ու դրա հետեւանքները, երբեմն նշում են, որ Սփիւռքն էլ է մեղաւոր, որ չի կարողացել այս տարիներին ճիշտ գնահատել իրավիճակը ու ստեղծել աւելի ուժեղ կապեր մայր հայրենիքի հետ։ Ձեր նպատակներից մէկը ուժեղ սփիւռք ունենալն է ու սփիւռքի վերաիմաստաւորումը։ Ինչպէ՞ս, ի՞նչ ճանապարհով եւ ի՞նչ ասել է ուժեղ Սփիւռք։

— Մենք Սփիւռքի հետ պէտք է հաւասարը հաւասարի հետ համագործակցենք։ Սփիւռքին պէտք է դարձնենք որոշումներ կայացնող, նրանք եւս պէտք է մասնակցեն այն որոշումներ ընդունմանը, որը մեզ կը բերի այս նպատակների իրականացմանը։ Պէտք է նրանց ներգրաւել բոլոր փուլերում։ Ապագայ հայկականի ձեւանմուշը պէտք է միասին կառուցել։ Սա տարբերւում է այն ձեւանմուշից, որը եղել է մինչ օրս։ Բացի դա մենք պէտք է հասկանանք, թէ Հայաստանն ի՞նչ պէտք է անի Սփիւռքը ուժեղացնելու համար։ Միայն Սփիւռքը չպէտք է անի Հայաստանի համար։ Հայաստանը նոյնպէս պէտք է քայլեր անի ուժեղ Սփիւռք ունենալու համար։ Փոխադարձ համագործակցութիւն պէտք է լինի։

— Ովքե՞ր են մինչ այս պահը միացել «ԱՊԱԳԱՅ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնութեանը։

«ԱՊԱԳԱՅ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնութեանը միացել է աւելի քան 16 հազար մարդ Հայաստանից եւ ամբողջ աշխարհից։ Համանախաձեռնողների 57 տոկոսը Հայաստանից են, 17 տոկոսը Ռուսաստանից, 10 տոկոսը ԱՄՆ-ից: Նախաձեռնութեանն են միացել նաեւ Գանատայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից։ Նրանց հետ կազմակերպւում են քննարկումներ, հանդիպումներ եւ աշխատաժողովներ՝ միասին քննարկելու եւ որոշելու համար նախաձեռնութեան 15 նպատակներին հասնելու լաւագոյն ուղին։ Նախաձեռնութեանը եւ նրա 15 նպատակներին միացել են Նիքոլա Ազնաւուրը (Հայաստան), Կարօ Արմէնը (ԱՄՆ), Լեւոն Արոնեանը (Հայաստան), Էնթընի Բարսամեանը (ԱՄՆ), Կէորկի Դերլուգեանը (Արաբական Էմիրութիւններ), Կարի Գասպարովը (Ռուսաստան), Ռուբէն Ենիկոլոպովը (Ռուսաստան), Ատոմ Էկոյեանը (Գանատա), Էդուարտօ Էռնեկեանը (Արգենտինա), Ջեյմս Թուֆենկեանը (ԱՄՆ), Ռուբէն Յարութիւնեանը (Ռուսաստան), Աննա Մայիլյանը (Հայաստան), Քերոլին Մուգարը (ԱՄՆ), Հենրիխ Մխիթարեանը (Իտալիա), Ռալֆ Եիրիկեանը (Հայաստան), Էրիկք Նազարեանը (ԱՄՆ), Ստաս Նամինը (Ռուսաստան), Վիգէն Չետերեանը (Շվեյցարիա), Ալիս Պետրոսեանը (ԱՄՆ), Մարի Փափազեանը (ԱՄՆ), Փոլ Փոլմանը (Շվեյցարիա), Արտյոմ Օգանովը (Ռուսաստան): 

— Շնորհակալ եմ զրոյցի համար։

- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ