Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Իրանը շարունակելու է զարգացման և բարգավաճման ուղին։
Հայաստանն արժևորում է Իրանի հետ առկա բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը մեր պետությունների առաջընթացի ու տարածաշրջանի կայունության ապահովման կարևորագույն պայմաններից է։ Դարերի խորքից է գալիս մեր երկու բարեկամ ժողովուրդների՝ միմյանց ճանաչելու և համագործակցելու ձգտումը, ինչի համար այսօր ստեղծված են հիրավի լայն հնարավորություններ։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական ջերմ բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել բոլոր բնագառառներում՝ արձանագրելով դրական դինամիկա մեր ժողովուրդների փոխգործակցության որակական նոր մակարդակի համար»։ Նախագահ Սարգսյանն Էբրահիմ Ռայիսիին մաղթել է քաջառողջություն և աշխատանքային նվաճումներ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։