Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել Եվրոխայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որում անդրադադարձել է Հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում հարուցված շինծու քրեական գործերին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԵԽԽՎ-ում Էդմոն Մարուքյանի ունեցած ելույթի տեքստը. «Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մինչ այժմ ադրբեջանական իշխանությունը դեռևս չի ազատել հայ գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, կանանց։
Այսօր 13 հայ ռազմագերու դատավարություն է նշանակված Ադրբեջանում։ Այսինքն, շինծու քրեական գործեր են հարուցված նրանց դեմ Ադրբեջանում, ինչը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը. Նախագահ Ալիևը հայտարարում է, որ չի վերադարձնի ռազմագերիներին, քանի դեռ չի ստացել ականապատված տարածքների քարտեզները։ Այսինքն՝ նա քաղաքականացնում է հումանիտար հարցը և բացահայտում, որ հայ ռազմագերիները որպես պատանդ են պահվում Ադրբեջանում։
Մենք ունենք նաև տեղեկություններ այն մասին, որ որոշ հայ գերիներ (այդ թվում՝ կանայք) տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում։
Ինչպես հավանաբար արդեն տեղեկացված եք, մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով հատել են հայկական սահմանն ու առաջ եկել 3.5կմ այդ հատվածում։ Ապօրինի առաջխաղաղմամբ նրանք ամրացել են ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում։ Ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Սև լճի տարածքում բացարձակապես անթույլատրելի է և կոպտորեն խախտում է մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը։
Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այսպիսի տևական և անօրինական խախտումները լրջորեն խոչընդոտում են այդ հայտարարության ամբողջական կիրառմանը և նոր սպառնալիքներ ստեղծում տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության համար։
Ըստ այդմ՝ կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին հստակ և միանշանակ կերպով անդրադառնալ Ադրբեջանի գործողություններին, կիրառել սանկցիաներ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական բռնապետական ղեկավարության, մեզ հետ կատարել միասնական քայլեր՝ շուտափույթ ավարտին հասցնելու համար գերիների փոխանակման գործընթացը՝ առանց նախապայմանների և արհեստական խոչընդոտների, ինչպես շինծու քրեական գործերն են, ինչպես նաև վերահաստատելու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով Արդբեջանի ռազմական ղեկավարությանը հանել իր ստորաբաժանումները հայկական տարածքներից»։