Հայ գերիներին վերադարձնելու համար ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանի ներկայացուցչի դիմաց շատ կեղտոտ նախապայման է դրել։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ ԵԽ Եվրոպական ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբի նիստից հետո շուրջ 40 րոպե առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սահման Սեիդովի հետ։
Նա հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է քննարկել ռազմագերիների հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, այսինքն՝ ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։
«Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք պետք է ռազմագերիների մասին մոռանանք»,- ադրբեջանցի պատգամավորի խոսքերը փոխանցեց Զոհրաբյանը։
Նա նաև հայտնեց, որ Սեիդովը հայտարարել է, թե Հայաստան վերադարձած 15 գերիների դիմաց Ադրբեջանին հանձնված Աղդամի ականապատման քարտեզների 50 տոկոսը ֆեյք է եղել: