ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօր նախատեսված նիստը հետաձգվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանին պարզ չէ` գործով ամբաստանյալ Քոչարյանն ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունի՞, թե՞ ոչ, գրում է “Sputnik Արմենիա”-ն։
Նշենք, որ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանին ներկայացրեց ԿԸՀ որոշումը «Հայաստան» դաշինքին պատգամավորական 29 մանդատ տալու մասին։
«ԿԸՀ–ի մանդատներ բաշխելու որոշումից հետո երկրորդ երկուշաբթին ԱԺ նիստ պետք է գումարվի, որի ժամանակ էլ պետք է պատգամավորի իրավասությունը հաստատվի։ Քոչարյանի կարգավիճակի հարցի պատասխանը կարող է տրվել հուլիսի 26-ից հետո, հաշվի առնելով, որ կարող է նաև ՍԴ բողոքարկեն»,–ասաց Վարդևանյանը։
Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, առարկեց` ասելով, որ պարզ չէ` ինչ են քննարկում, ինչի համար դատարանը ստացավ այդ փաստաթղթերը Քոչարյանի պաշտպանից։ Նրա խոսքով` դատարանը քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ, ուստի դատարանը չէ, որ պետք է որոշի` Քոչարյանի դեմ քրեական հետապանդում կարո՞ղ է իրականացնել, թե ոչ:
Դատավորը, սակայն, նշեց` իր համար դեռ պարզ չէ, թե Քոչարյանն ինչ կարգավիճակ ունի։ Դանիբեկյանն ասաց, որ ամեն դեպքում դատարանը պետք է դիմի ԱԺ` քրեական հետապնդում սկսելու համար, սակայն մինչ այդ դատարանը պետք է պարզի` տվյալ անձը կրո՞ւմ է պատգամավորի կարգավիճակ։
Քոչարյանի և Գևորգյանի կարգավիճակը պարզելու համար էլ դատական նիստը հետաձգվեց։ Այն տեղի օգոստոսի 3-ին, ժամը 13-ին։