Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կառավարության նիստում անդրադարձավ գյուղմթերքի արտահանման գործընթացին, որի առնչությամբ գոհունակություն հայտնեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վահան Քերոբյանը նշեց, որ մինչև այս պահը ծիրանի արտահանումը նախորդ ողջ տարվա նույն ժամանակահատվածի 7,2 հազար տոննայի համեմատ կազմել է 21 հազար տոննա:
«Մենք արդեն գերազացել ենք ամբողջ նախորդ տարվա ծավալը: Նախորդ տարի այդ ծավալը եղել է 19,7 հազար տոննա, իսկ այս տարի արդեն 21 հազար է, և կարծում ենք, որ կարող ենք հույս ունենալ 50-70 տոկոս ավել արդյունք ունենալ միայն ծիրանի մասով:
Ընդհանուր գյուղմթերքի մասով վիճակն էլ ավելի լավ է: Մենք մոտավորապես կրկնակի ավել գյուղմթերք ենք արտահանել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարծում եմ, որ տեմպը պահպանվելու է: Այս տարի էապես լավ արդյունք է լինելու թե 2019-ի, թե 2020-ի նկատմամբ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: