ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդգծում է, որ կորոնավիրուսի նոր շտամները մտահոգության տեղիք են տալիս: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Անահիտ Ավանեսյանն այդ մասին ասել է կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Հայաստանում որոշ նմուշներ ևս սեկվենավորվում են՝ վիրուսների շտամները պարզելու համար: «Եթե երկրում նոր շտամներից որևէ մեկը հայտնաբերվի, դրա մասին հանրությանը կտեղեկացնենք: Սակայն նոր շտամների ի հայտ գալը, դրանց արագ տարածումը բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, հուշում է, որ դեռ վաղ է հրաժարվել դիմակներ կրելուց. փակ տարածքներում դիմակի կրումը դեռևս կմնա պարտադիր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ ինքն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափերը, սակայն շարունակում է դիմակ կրել: «Շատ կարևոր է, որ մարդիկ ակտիվորեն պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, ինչը կօգնի դանդաղեցնել վարակի տարածումն ու կխանգարի նոր շտամների ի հայտ գալուն»,- ասաց նա: