Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դատական նիստից հետո լրագրողներից ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Ալեքսանյանը նշեց, որ պաշտպանության կողմը դատական նիստի ընթացքում ներկայացրեց վերաքննիչ բողոքը:
«Կարելի է ասել, որ շատ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ մեր առաջարկած ձևաչափով, ինչու չէ նաև դատարանի կողմից: Հարցուպատասխանի ձեւով անցավ մեր վերաքննիչ բողոքի ներկայացումը, ինչը մատչելի էր ու նախընտրելի բոլորի համար:
Ներկայացրեցինք բողոքը ամբողջ ծավալով` կալանավորման պայման հանդիսացող հիմնավոր կասկածի տեսանկյունից, հիմքերի համատեքստում նույնպես շատ ծավալուն քննարկում տեղի ունեցավ: Փաստացի վերահաստատեցինք մեր դիրքորոշումը առ այն, որ առկա չէ հիմնավոր կասկած, որ Արմեն Չարչյանը առնչություն ունի իրեն վերագրվող հանցանքի կատարման հետ»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը:
Նա հայտնեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին ժամը 14:00-ին:
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։