Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան երեկ խոսել է խաղաղություն կնքելու համար Բաքվի կողմից Երևանին փոխանցված առաջարկների մասին։ Հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է առարկայական, ինտենսիվ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու շուրջ, եթե Հայաստանն ընդունի 5 հիմնարար սկզբունքները։ Ինչո՞ւ փոխվեց օրակարգը` Արարատ Միրզոյանի Թուրքիա այցից հետո և ինչո՞ւ Հայաստանն ուղիղ բանակցությունների չի գնում, այլ օգնության է կանչում ԵԱՀԿ-ին։ Թեմայի շուրջ hraparak.am-ը զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։
«Ադրբեջանի առաջ քաշած հինգ նախապայմանների մասին իմ դիտարկմամբ՝ Ադրբեջանը նպատակ է դրել հարկադրել Հայաստանին վերջնականապես հրաժարվել Արցախից՝ դրանով փակելով Արցախի հիմնահարցը: Հրաժարվել Արցախից նշանակում է ոչ միայն անհնար դարձնել մեր հայրենակիցների հետագա գոյությունը Արցախում, անտեսել ավելի քան երեք տասնամյակ ընթացող պայքարը, զոհաբերված մարդկային կյանքերը, այլ նաև հարվածի տակ դնել Սյունիքը, քանի որ հաջորդ թիրախը լինելու է Սյունիքը: Ո՛չ Բաքուն, և ո՛չ Անկարան դա չեն թաքցնում»,- ասաց ադրբեջանագետը:
Ըստ Տաթևիկ Հայրապետյանի, Ադրբեջանը խաղաղության առաջարկ չի անում, դա առաջարկ է կապիտուլացիայի և հայոց պետականության ավարտի մասին: