Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ունեցած ելույթում խոսեց նաև 2021 թվականի ընթացքում կառավարության ձախողումների մասին՝ որպես այդպիսին հիշատակելով 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատվածում: Փաշինյանը դա համարեց Հայաստանի կառավարության և զինված ուժերի ձախողումը, սակայն հավելեց, որ այն, թե ինչպես այդ ամենին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, նաև այդ կազմակերպության ձախողումն է:
«Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, անշուշտ, Զինված ուժերի եւ կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ ձախողում էր նաեւ կազմակերպության համար: Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ-ը մինչեւ օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի, մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչեւ օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակում որեւէ ձեւով այս իրավիճակը չի հասցեագրել:
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Բայց նաեւ ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետեւանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները, ցավոք, միակը չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեռեւս 90-ականների սկզբից եւս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում եւ ինչպես ասել եմ՝ մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում»,- եզրափակեց Փաշինյանը: