Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստի քննարկումներն անցնում են դռնփակ ձևաչափի։ Պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։ Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։ Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008-ի ապրիլի 21-ը, հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։