Հայաստանի Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին տնօրէն՝ ԿԱՐՕ ՎԱՐԴԱՆԵԱՆ իր ֆէյսպուքի էջին վրայ կը գրէ.
Շատ ցաւեցի, երբ իմացայ, որ Վաղոն ինչ-որ հրդեհի պատճառով ձերբակալուել է: Դատավարութեան ամսաթիւը ճշտեցի ու ներկայ եղայ նիստին: Դատաւորի թոնը հեչ դուրըս չեկաւ.
— Բոլոր հիմքերը կան պնդելու, որ ձեր բնակարանը դուք էք հրդեհել:
— Բոլոր հիմքերը ես եմ, որովհետև հենց ես եմ վառել:
— Ինչո՞ւ էք վառել:
— Չեմ ուզում, որ տունս ընկնի թուրքերի ձեռքը:
— Բա վառելուց չէի՞ք մտածում, որ ապրում էք բազմաբնակարան շէնքում, ու եթէ հրշէջները ժամանակին չհասնէին՝ ողջ շէնքը այրուելու էր:
— Հրշէջները իզուր հասան, ես չեմ ուզում, որ հարևաններիս տներն էլ մնան թուրքերին:
— Գոնէ գիտակցո՞ւմ էք, թէ որքան վտանգաւոր էք հասարակութեան համար: Ձեզ պիտի անժամկէտ մեկուսացնենք հասարակութիւնից:
— Ես բանտը կը վառեմ, որ չընկնի թուրքերի ձեռքը:
— Ի՞նչ բանտ, ձեր նմանին մեկուսացնելու ենք հոգեբուժարանում:
— Ուրեմն ոչ մի հոգեբուժարան չի ընկնի թուրքերի ձեռքը: