ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ
Վերջապէս խօսեց պատիւը։ Խօսեց հայ սպայի, հայ բանակայինի պատիւը։ Հայաստանի Զինուած Ուժերի գլխաւոր շտաբի յայտարարութիւնը՝ նիկոլի հրաժարականը պահանջեց։ Դա ստորագրել են բազմաթիւ բարձրաստիճան բանակայիններ։ Յարգանք ու պատի՛ւ նրանց։
Դանակը ոսկորին է հասել։ Ոչ-միայն բանակը, այլ հայութեան մեծամասնութիւնը՝ ողջախոհ տարրը, արդէն վաղուց դաւաճանի հրաժարականի պահանջ էր դրել։ Գիտնականները, մտաորականները, մշակութային գործիչները, ազգային — քաղաքական գործիչներ ու կազմակերպութիւններ վաղուց հանդէս են եկել նիկոլի ու նրա ապիկար թիմի հրաժարականի պահանջով։
Այնքան ինքնավստահ եղաւ նիկոլը, ու կարծում է թէ դեռ ունի հայ ժողովրդի համակրանքն ու նեցուկը, որ պատրաստ չեղաւ անցումային ժամանակաշրջան ձեւաւորելու համար իրական բանակցութիւններ վարել։ Խոստացաւ գնալ ԱԺ-ի արտահերթ ընտրութիւնների, որ դա էլ սուտ էր՝ ինչպէս նիկոլի ողջ կենսագրութիւնն ու “քաղաքական” գործունէութիւնն է սուտ։ նիկոլը գնալը հաստատ համարենք։
Մարդիկ սպասում են, որ հայոց պատուախնդիր բանակին միանայ ոստիկանութիւնը…:
Չպիտի թոյլ տալ դաւաճանին ու նրա թիմին փախչելու Հայաստանից։ Նրանք պիտի ձերբակալուեն, դատուեն, եւ ամենախիստ պատժի ենթարկուեն՝ դաւաճանութիւն մեղադրանքով։ Պիտի բռնել բոլորին։
Հայաստանի նման երկրներում, երբ երկրի քաղաքական իրավիճակը մղձաւանջային է, յաճախ իրենց անուրանալի դրական գործն են անում ժամանակաւոր անցումային իշխանութիւնները։ Երէկ գրեցի՝ Հայաստանի վիճակը շատ վատ եմ տեսնում, գրեցի քաոս է Հայաստանում, մարդիկ դժգոհ են իշխանութիւններից, դժգոհ են ամեն ինչից, ու երկիրը այս վիճակից դուրս բերելու համար չունեն յստակ պատկերացումներ։ Գրեցի՝ ո՞վ պիտի լինի այս ժամանակաւորը․․․
Երանի թէ Հայաստանի քաղաքական վերնախաւը ճիշտ հասկանար իրավիճակը, բայց նրանք չեն եկել ճիշտ բան հասկանալու եւ ճիշտ լուծումներ բերելու։ Հետեւաբար՝ ժողովրդին պիտի տէր կանգնել շատ արագ, մինչեւ որ մարդիկ հնարաւորութիւն կունենան ուշքի գալ այս ահաւոր վիճաից, մինչեւ որ Հայաստանում նորմալ ընտրութիւններ անցկացնելու իրավիճակ ստեղծուի՝ հոգեբանօրէն ու հին ու նոր քաղաքական ուժերի ծրագրային յայտարարութիւններով։
Սպասենք արագ զարգացումների Հայաստանում։ Պատի՛ւ Հայոց բանակին։ Յարգանք հերոսներ ծնող հայ ժողովրդին։