ԱՄՆ-ն շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Տեղեկությունը հայտնումէ վարչապետի պաշտոնական կայքը` հավելելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բլինքենի նախաձեռնությամբ:
«Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, պետքարտուղարը հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը։ Սա հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում»,–նշված է հայտարարության մեջ։
Փաշինյանը ևս շեշտել է, որ հակամարտությունը կարգավորված չէ և պահանջում է համապարփակ լուծում, որին հնարավոր է հասնել բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Բլինկենը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել և ՄԽ համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը: