Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ հայկական կողմը վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ է ունեցել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում:
«Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ ենք ունեցել: Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին եւ մերձավորներին՝ ՀԱՊԿ մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանին հակառակորդի արձակած կրակահերթից զոհվել է պայմանագրային զինծառայող 32-ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը:
Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: