Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերի շարունակական ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհրաժեշտություն է։ Տեղեկությունը տարածել է փաստաբանների պալատը` հավելելով, որ նման եզրակացության են եկել փաստաբաններն այսօր կայացած քննարկման արդյունքում։
Փաստաբանների պալատը հունիսի 24-ին հայտարարությամբ էր հանդես եկել` ասելով, որ պատրաստ է իրավաբանական օգնություն տրամադրել հայ ռազմագերիներին։ Խոսքը նրանց Ադրբեջանի բանտերում տեսակցելու և ՄԻԵԴ դիմելու մասին է։
Այսօր հերթական հանդիպումն է տեղի ունեցել` փաստաբանների պալատում մասնակցության պատրաստակամություն հայտնած փաստաբանների, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերը ՄԻԵԴ–ում ներկայացնող իրավաբաններից Արտակ Զեյնալյանի միջև:
«Գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում դիմել կամավորագրված փաստաբաների օժանդակությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ փաստաբանների պալատը կրկին ընդգծում է, որ խոսքը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունն Ադրբեջանի ներպետական օրենսդրությանբ նախատեսված դատարաններում իրականացնելու մասին չէ: