ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղ բանակցություններին, խաղաղությանը, սահմանազատմանը, այնինչ՝ իրականությունը բոլորովին այլ է:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Երևանում կայացած ճեպազրույցին՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի այն հարցին, որը վերաբերում էր տարածաշրջանային խաղաղության հաստատման հնարավորություններին, Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին:
«Մենք հստակ դիրքորոշում ունենք սահմանային իրավիճակի վերաբերյալ, մենք պատրաստ ենք կառուցողական դիրքորոշում ունենալ: Ես անվտանգության խորհրդի նիստում առաջարկ եմ արել, խոսքը զորքերի հայելային դուրսբերման ու մշտական տեղակայման վայրեր վերադառնալու մասին է: Մենք հիմա նաև բանակցում ենք այդ ուղղությամբ, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման, և միջազգային հովանու ներքո սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ իրականացնելու համար: Ես պարոն Միշելի հետ հանդիպմանը վերահաստատեցի, որ մենք ողջունում ենք ու պատրաստակամություն ենք հայտնում գործել ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության: Ըստ էության, այստեղ մենք կարող ենք ասել, որ միջազգային հանրության ու մեր պատկերացումները համընկնում են, որովհետև մայիսի 12-ից հետո հայտարարություններով և գնահատականներով հանդես են եկել մի շարք երկրներ, Եվրոպական խորհրդարանն է բանաձև ընդունել այդ թեմայի վերաբերյալ: Ու այդ ձևակերպված մոտեցումները համընկնում են մեր պատկերացումներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ըստ էության, տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ: Նա ընդգծեց, որ այստեղ հարցը միայն Հայաստան չէ:
«Հիմա նրանք խոսում են արևմտյան Ադրբեջանի, հարավային Ադրբեջանի մասին և այդպես շարունակ: Այդ ադրբեջանների ցանկը լայն է, և ես կարծում եմ, որ սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի անվտանգության համար: Այստեղ միայն քաղաքական հռետորաբանության հարց չէ: Երբ մենք ուսումնասիրում ենք, թե ինչ են դասավանդում Ադրբեջանի դպրոցներում, ապա տեսնում ենք, որ հարևանների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն: Էլ չեմ ասում վերջերս բացված, այսպես կոչված, ավարների խայտառակ պուրակը, որտեղ երեխաներին տանում են էքսկուրսիայի: Դրանով հարևանների ատելության շարքում Ադրբեջանը Հայաստանը և հայությանը դնում է առաջին տեղում: Ես սա բարձրաձայնում եմ՝ ընդգծելու տարածաշրջանում տևական խաղաղություն, կայունություն հաստատելուն ուղղված մեր պատրաստակամությունը: Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության համաձայն բանակցություններ սկսել կողմերին հայտնի, ինչպես համանախագահներն են ձևակերպել, սկզբունքների հիման վրա: Եվ ես ուրախ եմ, որ պարոն Միշելն այսօր նույնպես խոսեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման և որոշման կարևորության մասին, որովհետև դա է հակամարտության կարգավորման անկյունաքարը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ պատրաստ են սկսել աշխատանքը սահմանների սահմանագծման ու սահմանազատման ուղղությամբ համապատասխան պայմանների առկայության դեպքում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գերիների առկայությունն այն պայմաններում, երբ Ադրբեջանը բոլորին վերադարձնելու գրավոր պարտավորություն ունի, իհարկե, էականորեն խաթարում է համագործակցության մթնոլորտը: Սա կարևոր օրակարգ է, որի շուրջ, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է ջանքերը մեկտեղել: