Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում (ՀՀ Արարատի մարզ): Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրել է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:
Այցի արդյունքները կամփոփվեն` արձանագրելով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Առանձին զեկույցով մանրամասները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։