Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկում է ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ամենամեծ պատվիրակությունն ունի ԱՄՆ թիմը, որում ընդգրկված են 613 անդամ: Ամենափոքր պատվիրակությունները, որոնք բաղկացած են 2-ական մարզիկից, ունեն Բերմուդյան կզղիները, Սոմալին, Անդորրան, Լեսոտոն և այլն: Այս խաղերում ամենաերիտասարդ մասնակիցը 12-ամյա Հենդ Զազան է Սիրիայից, ով հանդես է գալու թենիսի մրցաշարում, իսկ ամենատարեց մարզիկը 66-ամյա ավստրալացի հեծյալն է, ով իր ուժերը կփոխի ձիասպորտում:
Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:
Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը:
Օլիմպիական ավանը, որը նախատեսված է մարզիկների և ազգային պատվիրակությունների համար, զբաղեցնում է 44 հեկտար, որտեղ միաժամանակ կարող են բնակվել ավելի քան 18 հազար մարդ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար:
Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեն լինի: