Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը, հաղորդում է Tert.am-ը։
Սկզբում վարկած էր հայտնվել, որ տղամարդու մարմինը հայտնաբերվել է բնակարանում, որտեղ նա ապրում էր, սակայն ավելի ուշ տեղեկություններ են սկսել տարածվել, որ Հուսեյնը ընկել է բազմահարկ շենքի պատուհանից:
Բլոգերի ծանոթները չեն բացառում, որ Բակիխանովի մահը բխում էր Ադրբեջանի կառավարության շահերից: Նրանցից մեկի՝ Ավթանդիլ Մամադովի խոսքերով, մահվանից երկու օր առաջ Հուսեյնը նրան պատմել է մի խումբ ադրբեջանցիների հետ Թբիլիսիում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Բլոգերը ենթադրել է, որ այդ մարդիկ հարձակվել են իր վրա Բաքվից ստացված հրամանով: Ըստ Մամադովի, Հուսեյնը քաղաքական ապաստան է խնդրել Վրաստանում, քանի որ հայրենիքում հետապնդումների է ենթարկվել:
Ծեծկռտուքի հետ կապված միջադեպի մասին գրում է նաև ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլըն, որը առևանգվել էր Թբիլիսիում 2017 թվականին, այնուհետև դատապարտվել Բաքվում: Նա կոչ է արել վրացական լրատվամիջոցներին հետաքրքրություն ցուցաբերել Բակիխանովի մահվան կապակցությամբ, քանի որ նա հետապնդվել է Ադրբեջանի ուժայինների կողմից:
«Հուլիսի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել Թբիլիսիում բնակվող ներգաղթյալին, որին հետապնդում էր ադրբեջանական ոստիկանությունը: Հուսեյնը դիմել է ոստիկանություն և բուժզննում պահանջել: Բայց նրան մերժել են ներքին օրգանների հետազոտության հարցում: Հուսեյնից մեկ շաբաթ լուր չկար»:
Մուխթարլըի խոսքով ՝ մայիսի 7 -ին Բաքվում բողոքի ակցիայի ժամանակ Բակիխանովը բերման է ենթարկվել: Այդ ժամանակ նա դատապարտվել է 15 -օրյա կալանքի: Ազատվելուց հետո բլոգերը լրագրողներին ասել է, որ ոստիկանությունը խոշտանգել է իրեն և սպառնացել բռնաբարությամբ: Թբիլիսիում գտնվելու ընթացքում Հուսեյնը լրատվամիջոցների ու իր ալիքի միջոցով շարունակել է քննադատել Ադրբեջանի կառավարությանը: