Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով ևս երկու հայ ռազմագերիների դատավարությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի Յասամալի շրջանային դատարանը հայ ռազմագերիներ Ալյոշա Խոսրովյանին եւ Լյուդվիգ Մկրտչյանին դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման։
Նրանք առաջին տասը տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:
Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին իբրև թե «խոշտանգելու, դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ»:
Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձում և մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը: