«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ:
Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ:
Այսպիսով՝դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել ենհայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:
Մեր օրերի նվիրյալների շարքին
է դասվում սիրված մտավորական, հայազգի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր,Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահ Սամվել Կարապետյանը: Ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին Երևանում:
Արմատներով Տուրուբերան աշխարհի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից սերած Բաղդասարի գերդաստանից է։1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Հանրությանը հայտնի է նաև որպես Թուրքիաում, Ադրբեջանում, Վրաստանում հայկական հուշարձանների և հետքերի ոչնչացման քաղաքականության քննադատ։
Նա պնդել է, որ այդ երկրների իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թվականին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Իր հայագիտական գործունեության համար Վրաստանում հայտարարված էր անցանկալի անձ և արգելված էր նրա մուտքն այդ երկիր: Իր երկարամյա գիտական գործունեության համար Սամվել Կարապետյանն արժանացել է տասնյակ մրցանակների ու գնահատանքի։
Նա իր ամբողջ կյանքի ընթացքում ինչպես մեր երկրում,այնպես էլ դրա սահմաններից դուրս իր կազմակերպության շրջանակներում, անհատապես ու ընկերների հետ զբաղվեց հայ ճարտարապետական կոթողների ուսումնասիրությամբ՝սրանց մասին հրատարակելով բազմաթիվ աշխատություններ,հոդվածներ, նկարահանելով փաստա-վավերագրական ֆիլմեր,հաղորդումներ և այլն: Նա իր աշխատություններում առանձնակի տեղ է հատկացրել Արցախին վերաբերող ուսումնասիրություններին՝ «Հյուսիսային Արցախ», «Արցախի կամուրջները» «Դադիվանքի վերանորոգումը, 1997-2011 թվականներ», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», «Մռավականք» գրքերը և այլ աշխատություններ։ Ցավոք նա մահացավ 2020 թվականի փետրվարի 27-ին՝ չբոլորելով իր 59 ամյակը: Եվ ահա այժմ նրա գործը շարունակում են կինը՝Էմմա Աբրահամյանը և ընկերները՝Հայաստանի Ճարտարապետությունն Ուսումնասիրող հիմնադրամի շրջանակներում:
Գարիկ Ավետիսյան