Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ պոլսահայ հայտնի լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության թուրքերեն լրատվության և հրատարակությունների ծառայության գլխավոր խմբագիր Րաֆֆի Հերմոն Արաքսի վերջին հրաժեշտի արարողությունը: Նրան հրաժեշտ տալու եկել էին բազմաթիվ հասարակական գործիչներ, մտավորականներ, հարազատներ ու ընկերներ:
«Արմենպրես»— լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ ծանր է պատկերացնել, որ բազմաթիվ ծրագրերի ձեռնամուխ եղող անձն այլևս ողջ չէ:
«Թուրքերենի ողջ խմբագրության հետ միասին շատ սեղմ ժամկետում կարողացանք կազմակերպել այդ բաժնի աշխատանքները և ծանր է գիտակցել, որ նա այլևս մեզ հետ չէ: Օրեր առաջ նոր նախաձեռնություններ էինք քննարկում, Րաֆֆին էլ իր գործին նվիրվել էր մեծ պատասխանատվությամբ: Մենք կորցրել ենք լրջագույն մտավորականի, գործընկերոջ, բանիմաց խմբագրի, ում բացակայությունը գործակալության և իրեն ճանաչողների համար զգալի ու տեսանելի է լինելու»,- ասաց Անանյանը:
Րաֆֆի Հերմոն Արաքսը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 2-ին Ստամբուլում: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի հիմնադրած «Ակoս» պարբերականի առաջին լրագրողներից էր: Թուրքիայում Րաֆֆի Հերմոն Արաքսը տարբեր տարիներ որպես լրագրող է աշխատել նաև «Մարմարա» հայկական պարբերականում, ապա նաև «Վաթան», «Դեմոկրատ», «Ջումհուրիեթ», «Սթար» և մի քանի այլ պարբերականներում, թղթակցում էր պոլսահայ «Լույս TV»-ին:
1980 թ. Փարիզում ընդունվել և ավարտել է Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը (INALCO):
Թուրքիայի հայկական համայնքում որպես լրագրող մեծ փորձառություն ձեռք բերած Րաֆֆի Հերմոն Արաքսն արդեն տևական ժամանակ գործունեություն էր ծավալում Հայաստանում: 2021 թ. հուլիսից ստանձնելով «Արմենպրես»-ի թուրքերեն լրատվության ու հրատարակությունների ծառայության գլխավոր խմբագրի պաշտոնը՝ վարում էր նաև «Արմենպրես»-ի թուրքերեն պոդքասթները՝ «Րաֆֆի Հերմոն Արաքսի զրույցի խոսքեր» ձայնային ծրագիրը:
Րաֆֆի Հերմոն Արաքսը մահացել է օգոստոսի 11-ին: