Ռուսաստանը չի շտապում ճանաչել թալիբների իշխանությունն Աֆղանստանում: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք չենք շտապում ճանաչման հարցում, ինչպես մյուս բոլոր երկրները»,- ասել է նա:
«Հենց երեկ ես խոսեցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Մենք ունենք համընկնող դիրքորոշումներ»,- հավելել է Լավրովը:
Միաժամանակ, նախարարը մատնանշեց, որ Ռուսաստանը «Թալիբան»-ի կողմից դրական ազդակներ է նշում Աֆղանստանի հետագա զարգացման մասով: «Մենք տեսնում ենք քաջալերող ազդակներ թալիբների կողմից, ովքեր հայտարարում են այլ քաղաքական ուժերի մասնակցությամբ կառավարություն ունենալու ցանկության մասին, հայտարարում են պատրաստակամություն շարունակելու գործընթացները, այդ թվում` կրթության, աղջիկների կրթության եւ, ընդհանրապես, պետական մեքենայի գործունեության մասով, առանց ճանապարհ փակելու այն պաշտոնյաների համար, ովքեր աշխատել են նախագահ [Աշրաֆ] Գանիի նախկին իշխանության օրոք»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ «Թալիբան» շարժման երկխոսությունն Աֆղանստանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ կավարտվի երկրի կառավարության ներառական անցումային կառույցների ձեւավորմամբ: «Բառացիորեն այս օրերին, ինչպես ես եմ հասկանում, նույնիսկ այս ժամերին գուցե խոսակցություն է ընթանում «Թալիբան»-ի ներկայացուցչի հետ: Ես մեծ հույս ունեմ, որ այն կավարտվի այնպիսի համաձայնությամբ, որով աֆղանստանցիները կստեղծեն ներառական, ինչպես ասում են, անցումային կառույցներ՝ որպես կարեւոր քայլ այս բազմաչարչար երկրում իրավիճակի ամբողջական կարգավորման ուղղությամբ»,- ասաց նախարարը:
«Մենք աջակցում ենք համապարփակ ազգային երկխոսության մեկնարկին՝ Աֆղանստանի բոլոր քաղաքական եւ էթնո-դավանաբանական ուժերի մասնակցությամբ»,- հավելել է Լավրովը: