Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում օգոստոսի 29-ը հայտարարել է համաժողովրդական սգո օր։ Ժամբիլի շրջանի զորամասի պահեստում պայթյուններ են տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակից ավել զոհեր կան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին երկրի ղեկավարը հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Զոհված զինծառայողները և փրկարարները ցուցաբերել են իրական հերոսություն ու անձնազոհություն: Նրանք մշտապես կմնան ժողովրդի հիշողության մեջ»,- նշել է նախագահը:
Զորամասի պահեստում օգոստոսի 26-ին ավելի քան 10 պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ողջ տարածքը՝ շուրջ 700 քառակուսի մետր: Տուժել է ավելի քան 90 մարդ, 28-ը հիվանդանոցում են, ընդ որում, նրանցից 6-ը՝ ծանր վիճակում:
Այս պահին պայթյունի հստակ պատճառները հայտնի չեն, քննարկվում են հատուկ այրելու կամ դիվերսիա իրականացնելու վարկածները: Հարուցվել է քրեական գործ:
Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեքբաևը հայտարարել է, որ կատարվածի պատճառով պատրաստ է հրաժարական տալ: