Երեկ երեկոյան՝ օգոստոսի 27-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Տեղեկությունը «Արմենպրես»-ի զրույցում հաստատեց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակել է մարդկանց տների վրա՝ վնասելով տանիքները:
«Մի քանի տանիք է ծակվել, մի քանի տան պատերն են քերծվել: Փառք Աստծո, ուրիշ վնաս չի եղել», — «Արմենպրես»-ի ասաց Կութի համայնքապետը՝ հավելելով, որ իր տպավորությամբ՝ թշնամին դիտավորյալ հենց գյուղի ուղղությամբ էր կրակում:
Չիտչյանի խոսքով՝ կրակոցները եղել են 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Բարեբախտաբար, այդ ժամին դրսում ոչ ոք չի եղել և բնակիչներից որևէ մեկը չի տուժել: Կրակել են հրաձգային տարբեր զինատեսակներից՝ ինքնաձիգ, գնդացիր: Դրանից հետո կրակոցներ կամ այլ միջադեպեր չեն եղել:
Այս պահին ընդհանուր վիճակը գյուղում, Սիմա Չիտչյանի խոսքով, հանգիստ է:
Կութ համայնքը Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերից է, որը տեղակայված է Սոթք գյուղի հարևանությամբ՝ դեպի Քարվաճառ տանող ճանապարհին: Կութը մտնում է Գեղամասար խոշորացված համայնքի մեջ: Վերջին ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում պարբերաբար կրակոցներ և միջադեպեր են լինում: