Գերմանիան կընդունի ոչ միայն Բունդեսվերի եւ ԱԳՆ-ի աֆղանցի պաշտոնյաներին, այլեւ Աֆղանստանի այն քաղաքացիներին, ովքեր ապաստանի կարիք ունեն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ավստրիայի իր գործընկեր Սեբաստիան Կուրցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Spiegel-ը:
«Մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք ընդունել ոչ միայն Գերմանիայում աշխատող տեղացի աշխատակիցներին, այլեւ այն մարդկանց, ովքեր հատուկ կերպով ներգրավված էին Գերմանիայի հետ աշխատանքներում… Մենք բոլորս տեսանք պայմանները Քաբուլի օդանավակայանում… Ընդունվել են նաեւ մարդիկ, ովքեր ապաստանի կարիք ունեին»,- ասել է Մերկելը:
Նա հավելել է, որ Գերմանիան ակնկալում է աֆղանական տարածքից տարհանել մինչեւ 40 հազար մարդու: Ընդ որում, կանցլերը ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ մնում է պարզել, թե այս թվից քանիսն իրականում կցանկանա հեռանալ Աֆղանստանից: Ամեն ինչ կախված կլինի այն պայմաններից, որոնք զինյալները կստեղծեն երկրում, նշել է Գերմանիայի ղեկավարը: