Այսօր կյանքից հեռացել է ֆրանսիացի լեգենդար դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն։ Նա 88 տարեկան էր։
Խարիզմատիկ դերասանը, որը հաճախ էր ինքնուրույն վտանգավոր հնարքներ կատարում, 1960-ականներին արտ-հաուսից անցում է կատարել մեյնսթրիմ ֆիլմերի եւ դարձել է կատակերգությունների եւ մարտաֆիլմերի առաջատար ֆրանսիացի հերոսներից մեկը, գրում է style.news.am-ը։
Ժան-Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ ֆիլմերը դեղամիջոց են ձանձրույթի դեմ, դրական հույզեր եւ լավ տրամադրության չափաբաժին ստանալու միջոց մի քանի սերնդի համար։ Նրա հերոսները չվհատվող են, խիզախ, թեթեւամիտ, հրապուրիչ՝ ենթակա ընդօրինակման կամ հակառակը՝ օրինակ, թե ինչպես պետք չէ անել։ Բելմոնդոյի մարդկային խարզիմատիզմի եւ դերասական շնորհի արդյունքում նրանք միշտ եղել են վառ եւ բազմակողմանի։
«Վերջին շնչով» (1959)
Երիտասարդ դերասան Ժոն-Պոլ Բելմոնդոն, համաձայնելով խաղալ սկսնակ ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի ժապավենում, գիտե՞ր, որ ֆիլմի՝ վարձույթ թողարկումից հետո երկուսն էլ աստղ կդառնան եւ առհավետ կներառվեն կինոյի պատմության դասագրքերում։ Հազիվ թե։ Սակայն սեւ-սպիտակ, փոքր բյուջեով ժապավենն արագորեն կուլտային դարձավ եւ հիմք դրեց կինոյում մի ամբողջ ուղղության՝ «նոր ալիքի», որը Ֆրանսիայում գերիշխել է մի ամբողջ տասնամյակ։ Իսկ Բելմոնդոն՝ ողբերգական ճակատագիր ունեցող խարդախի դերում, վայրկենապես դարձավ հանրապետության գլխավոր դերասանն ու սեքս խորհրդանիշը։ Նույնիսկ կես դար անց հանդիսատեսը լաց է լինում, երբ Ժան-Պոլի հերոսը եզրափակիչ կադրերում ընկնում է փողոցում։ Վերջիվերջո, դասականը դասական է։
«Հիանալին» (1973)
60-ականների վերջին եւ 70-ականների սկզբին Բելմոնդոն որոշում է հեռանալ «նոր ալիքի» կուռքի կերպարից եւ սկսում է խաղալ կատակերգություններում։ Ջեյմսի Բոնդի այս ծիծաղելի նմանակման շրջանակներում դերասանը կերպարանափոխվել է արկածային վեպերի հեղինակի, որն իր գրքերի էջերում նկարագրում է իրեն շրջապատող մարդկանց եւ իրադարձությունները։ Եվ, իհարկե, իրեն պատկերացնում է անվախ գործակալի կերպարում, որը մի ձեռքով պատժում է ավազակների խմբին, մյուսով շոյում է գայթակղիչ գեղեցկուհու։ «Հիանալին» հազվադեպ դեպք է, երբ ֆիլմի անվանումն ամբողջությամբ համապատասխանում է բովանակությանը։ Եթե ֆիլմը չեք դիտել, կարելի է նախանձել․ այն առաջին անգամ դիտելու հնարավորություն ունեք։
«Հրեշը» (1977)
Բելմոնդոյի մասնակցությամբ եւս մեկ կատակերգություն, որը դիտելիս կծիծաղեք սկզբից մինչեւ վերջ։ Այս անգամ Ժան-Պոլը կերպարանափոխվել է չվհատվող կասկադյորի, որը սկզբնական շրջանում հաջողություններ չի ունենում ոչ կարիերայում, ոչ սիրո հարցում, մինչ կյանքը նրան երկրորդ հնարավորություն է տալիս։ Մոնմարտր բլրից թռիքչի հնարքներն ու վագրի հետ գրկախառնությունները «կցված» են (ինչպես իր բոլոր ֆիլմերում, դերասանը դուբլյորի ծառայություններին չի դիմել)։ Եվ ի վերջո, էլ որտեղ է հնարավոր Բելմոնդոյին տեսնել պիստակի գույնի կոստյումով եւ վարդագույն վերնաշապիկով։ Միայն «Հրեշը» ֆիլմում։
«Պրոֆեսիոնալ» (1981)
Նույնիսկ եթե ոչ մի անգամ չեք դիտել ֆիլմը, առաջին իսկ նոտաներից կճանաչեք Էնիո Մորիկոնեի երաժշտությունը։ Այս անգամ Բելմոնդոն միայնակ հերոս է, գաղտնի գործակալ, որին մատնել է սեփական կառավարությունը։ Նա ամբողջ ֆիլմի ընթացքում արդարություն է որոնում եւ երազում է վրեժ լուծել։ Եվ ինչ-որ պահի կթվա, թե դա նրան հաջողվել է։ Սակայն փոքր մարդը չի կարող հաղթել պետական խիստ մեքենային, ինչը նշանակում է, որ վերջում հանդիսատեսին կրկին թաշկինակ հարկավոր կլինի։
«Թշվառներ» (1995)
Եթե արդեն դիտել են Վիկտոր Հյոգոյի անմահ վեպի հոլիվուդյան էկրանավորումը, ճիշտ ժամանակն է իմանալ, թե ինչպես է դա արվում գրողի հայրենիքում։ Ֆրանսիացի լավագույն ռեժիսորներից մեկը գործողությունները տեղափոխել է 20-րդ դարի կես։ Բելմոնդոն Անրի Ֆորտենի դերում հերթական անգամ արցունքներ է կորզում հանդիսատեսից եւ դա վարպետորեն է անում։