ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պնդեց՝ hոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, և արել են անհնարինը այն բացահայտելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ջհանգիրյանն այս մասին ասաց` պատասխանելով Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, ով ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցից մի հատված:
«Հոկտեմբերի 27-ի գործը, ինչ կա չկա բացահայտված է ու ամեն ինչ քրեական գործի նյութերում է»,-Ջհանգիրյանի խոսքը մեջբերեց Խամոյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է Ջհանգիրյանը մնալ նույն կարծիքին :
«Ես ինչ ասել եմ` ուժի մեջ է, ամեն ինչ այդ գործի մեջ է, ամեն ինչ բացահայտված է, պարզ է ու հիմա էլ նախաքննությունը շարունակվում է»,-ասաց Ջհանգիրյանը:
Ջհանգիրյանն ընդգծեց՝ արել են անհնարինը գործը բացահայտելու համար:
«Այո, իմ, գզրոցներում որևէ բան չկա, ինչ կա, այդ քրգործերի մեջ է, որովհետև ժամանակին , երբ ինձ հանիրավի մեղադրում էին, նաև այդ գզրոցներն են քրքրել»,-ասաց Ջհանգիրյանը:
Խամոյանը հարցրեց՝ եթե բացահայտված է, ինչո՞ւ են շարունակում քաղաքական շահարկումներ լինել այս գործի առումով:
«Ես չեմ ասել, որ բոլոր հանցակիցները բացահայտված են, պատվիրատուները բացահայտված են, ես ասել եմ՝ ինչ կա չկա՝ այդ քրեական գործի մեջ է, խնդրում եմ՝ տարընթերցման չտանել, նախաքննությունը շարունակվում է»,-ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:
Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ 21 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: