Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապ ապահովելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծի թեմայով այս պահին որևէ բանակցություն չի ընթանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանի հարցին:
Պատգամավորը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ դրույթը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբը կտեղափոխվի այնտեղ: Նա հետաքրքրվեց, թե արդյոք այդ թեմայով բանակցություններ անցկացվում են, կա արդյոք հաստատված նախագիծ, թե որտեղով նախատեսված նոր երթուղին: Պատգամավորն ասաց, թե արցախցիների մոտ մտավախություն կա, որ նոր երթուղին շրջանցելու է ոչ միայն Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, այլ` Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Կանաչ թալա, Լիսագոր, Տասը վերստ գյուղերը։ «Կարո՞ղ եք արդյոք երաշխավորել, որ չի հաստատվի ՀՀ-ն Արցախին կապող այնպիսի երթուղի, որի պայմաններում թվարկածս գյուղերն ավտոմատ կերպով կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ թեկուզ անկլավի կարգավիճակով»,-հարցրեց պատգամավորը:
Փաշինյանն արձագանքեց. «Այս պահին այդ թեմայով որևէ բանակցություն չի ընթանում ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նաև մեր մասնագետները իքս պահից կմիանան, կձևակերպվի կոնկրետ առաջարկ, այդ առաջարկները կքննարկվեն»:
Վարչապետը հիշեցրեց, որ 6-րդ կետը ֆիքսում է՝ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ: Նա վստահեցրեց, որ բնականաբար այդ քննարկումների ընթացքում կարվի առավելագույնը, որը Արցախի ժողովրդի և ՀՀ շահերը առավելագույնս պաշտպանվեն այդ համատեքստում:
Փաշինյանը նշեց, որ թեև չի հասցրել նշել պատգամավորի թվարկած բոլոր բնակավայրերի անունները, սակայն ասաց. «Արցախի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի Ձեր նշած սցենարները տեղի չունենան»:
Ինչ վերաբերում է ԼՂ գյուղերին՝ նա նշեց, որ դա առաջնահերթ խնդիր է: