ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պնդում է, որ ներկայում Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածում ադրբեջանցիների ապօրինի գտնվելու պայմաններում հետագայում սահմանազատման, սահմանագծման աշխատանքների ժամանակ խնդիրներ են առաջանալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Նա այն տարածքները, որոնք ռազմավարական նշանակություն կունենան հետագա խաղաղության պայմանագրի կնքումից հետո, առանց որևիցե մի կրակոցի ադրբեջանցիներին հանձնելն անհասկանալի է համարում:
«Իրական սահմանազատման և սահմանագծման անցնելու ժամանակ խնդիրներ են առաջանալու: Ի՞նչ է նշանակում Խորհրդային միության քարտեզ, ի՞նչ է նշանակում տարբեր այլ քարտեզներ, որո՞նք են դրանց իրավական հիմքերը, որտե՞ղ են այդ քարտեզները ճանաչվել: Մենք ունենք բազմաթիվ պատմաբաններ, իրավագետներ, որոնց համար իրավագրական հենքը, պատմական իրավագրությունն անչափ կարևոր է, դրանցից շատ-շատերն ապացուցում են, որ այդ տարածքները եղել են հայկական, բայց Խորհրդային միության ժամանակ ճնշումների ընթացքում անցել են ադրբեջանցիներին»,-ասաց Օհանյանը:
Նա շեշտեց՝ պետք էր կանգնել այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել էր:
«Այնտեղ, որտեղ առանց որևիցե հենքի, կոնկրետ իրավական փաստաթղթի՝ դիրքերն անցել են ադրբեջանցիներին, ու եթե հետագայում իրական սահմանազատման, սահմանագծման աշխատանքներից հետո հասկանանք, որ դա հայկական է՝ շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ սահմաններից, այդ դիրքերից հետ շպրտել»,-ասաց Օհանյանն ու հավելեց՝ նկատի ունի և ռազմավարական բարձունքները, և Գորիս-Կապան ճանապարհի հատվածները, որտեղ ադրբեջանցիներն այսօր արդեն ոստիկանական հենակետեր են տեղադրել:
Նա հավելեց՝ բավականին լուրջ խնդիրներ են առաջացել ոչ միայն անվտանգության, այլ նաև տնտեսական առումով: