«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին մարտի երկրորդ տասնօրյակում միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ հրավիրելու առաջարկով։
«Երբ աշխարհի ուշադրությունը բևեռված է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, ռիսկերը շատ մեծ են, քանզի, օգտվելով առիթից, Ադրբեջանը կարող է, եթե ոչ լայնածավալ, ապա գոնե սադրիչ գործողություններ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ։ Պատահական չէ, որ նույն օրերին ադրբեջանական ելուզակները բարձրախոսով պարտադրում էին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին լքել տարածքը, նկատի ունենալով գյուղի այգիները՝ մարդկանց ապրուստի միակ միջոցը։ Այս պայմաններում տեղին է հիշել, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, որի անհատական կազմը ձևավորվել էր դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 25-ին, ցայժմ նիստ չի հրավիրել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։