Պաշտոնական Կիևը լավ ազդակ է համարում Ժնևում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը և հույս ունի, որ այդպիսի դիրքորոշումը կշարունակվի։
Այդ մասին Ուկրաինայի դեսպանատանը հրավիրված ասուլիսում լրագրողներին ասաց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Հարցին` ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանի Հանրապետությունից ստեղծված իրավիճակում` նկատի ունենալով, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակիցն է, ժամանակավոր հավատարմատարը պատասխանեց, որ Հայաստանը առայժմ չի արտահայտել իր դիրքորոշումը Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ, բայց նաև դրական գնահատեց Ժնևում փետրվարի 28-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ Հայաստանի դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) առաջարկել էր Ժնևում 49-րդ նստաշրջանում շտապ կարգով քննարկել իրավիճակը Ուկրաինայում։ Քվերակության ժամանակ Հայաստանը ձեռնպահ է եղել։