Առողջապահության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծեր, համաձայն որոնց՝ հանրային սննդի օբյեկտներում «կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից համապատասխան պահանջի ներկայացման»:
Այն տնտեսվարողները, որոնք չեն ենթարկվի օրենքին՝ կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ, համաձայն միջազգային տվյալների, բնակչության շրջանում տարեկան մեկ շնչի հաշվով օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, ինչի հետևանքով օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը: Օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13%-ով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը:
Առողջապահության նախարարությունում վստահ են՝ օրենքների նախագծերի ընդունումը՝ առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման հետ համատեղ, կբերի աղի օգտագործումը չարաշահող անձանց քանակի նվազեցմանը և, որպես արդյունք՝ ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազմանը։