Ուկրաինայում ստեղծված իրավիճակը սպառնում է համաշխարհային պարենային ճգնաժամ առաջացնել արդեն այս տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենավորման նախարար Ժուլիեն Դենորսմանդիին: «Միջերկրածովյան շրջանում գտնվում են բազմաթիվ երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի արտահանումից»,-պարզաբանել է նա:
Նրա խոսքով՝ ծավալվող իրադարձությունները կարող են հանգեցնել գների աճի, ինչը նաև կազդի անասնակերի վրա: Հրատարակության տեղեկատվության համաձայն, այնպիսի պետություններ, ինչպիսիք են Կատարը, Ռուանդան, Ղրղզստանն ու Եգիպտոսը, 80 տոկոսով կախված են Ռուսաստանից ցորենի մատակարարումներից այն դեպքում, երբ Թուրքիան կախված է 70 տոկոսով: Այդ կապակցությամբ ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ է արել քայլեր ձեռնարկել առաջիկա մեկուկես տարում պարենային ճգնաժամից խուսափելու նպատակով: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիևի ռեժիմի կողմից»: