Ադրբեջանական տեղեկատվական հարթակներում լուրեր են տարածվել, թե խաղաղապահների մի մասին դուրս են բերվում Արցախից, որպեսզի Ուկրաինա տեղափոխեն։
Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների:
Այս հայտարարությունը տարածել է Արցախի անվտանգության խորհուրդը` անդրադառնալով վերջին օրերին որոշ բնակավայրերում իրավիճակի սրմանը և ադրբեջանական կողմի լուրերին։ Նշվում է, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է Արցախի ՊԲ–ի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետների կիրառումը։
«Ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Արցախի անվտանգության խորհուրդը շեշտում է, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։
«Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։
Արցախի անվտանգության խորհուրդը վստահեցնում է, որ իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։