Ուկրաինայի կենտրոնական բանկը դիմել է ռուսական «Միր» վճարային համակարգն ընդունող մի շարք երկրների ԿԲ ղեկավարությանը՝ խնդրելով կասեցնել այդ համակարգի քարտերով գործառույթները։ Երկրների թվում են Հայաստանը, Թուրքիան, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Վիետնամը, գրում է Sputnik Արմենիան։
Ուկրաինայի ԿԲ-ն այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել։ Նշվում է, որ խոսքը և՛ բանկոմատների ու վճարային տերմինալներով գործառույթների, և՛ առցանց գնումների մասին է։
Ըստ ուկրաինական կողմի՝ սրանով նպատակ է դրվում ավելի ուժեղացնել Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցները։Նշված երկրներից ոչ մեկը, այդ թվում՝ Հայաստանը, դեռ չի արձագանքել Ուկրաինայի ԿԲ-ին։
«Միր» վճարային համակարգը Ռուսաստանի ԿԲ կողմից ստեղծվել է 2017թ․ մայիսին։ Բացի այն երկրներից, որոնց Ուկրաինան դիմել է, «Միրը» գործում է նաև Բելառուսում, Հարավային Օսեթիայում և Աբխազիայում։