Ինտերպոլը Ռուսաստանի Դաշնությանը չի հեռացնի կազմակերպությունից, բայց կփոխի նրա հարցումների քննարկման կարգը։ Այս մասին ասվում է միջազգային ոստիկանական կազմակերպության հայտարարության մեջ։
«Ինտերպոլի կանոնադրական դրույթներին համապատասխան՝ կազմակերպությունը պետք է պահպանի համագործակցությունը ոստիկանական ծառայությունների միջոցով եւ բաց պահի հաղորդակցության ուղիները: Ինտերպոլի մանդատը չի նախատեսում պատժամիջոցների կամ պատժիչ միջոցների կիրառում, ինչպես նաեւ անդամակցության կասեցում կամ կազմակերպությունից երկրի հեռացում»,- ասվում է հայտարարության մեջ։