Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Ադրբեջանը անընդհատ սադրանքներ է իրականացնում Արցախի խաղաղ բնակավայրերի նկատմամբ, պայթեցրել է Արցախ մտնող գազատարը և ականապատել դրա շրջակայքը։ Արցախի և Հայաստանի առաջնագծի երկայնքով թշնամին զորքերի կուտակումներ է անում՝ սպառնալով հայկական պետականության անվտանգությանը։
Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի հետ խաղաղության հաստատման նոր 5 նախապայմանների մասին։ Այս ամբողջ սպառնալիքների ֆոնին Հայաստանի քաղաքական իշխանությունը մատնված է անգործության, որի մեջ մենք հանցավոր միտում ենք տեսնում։
2020-ի պատերազմի ցավոտ օրինակը աչքի առաջ ունենալով՝ Ազատագրական շարժումը իր պարտքն է համարում զգուշացնել հայ հանրությանը, որ մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ, ինչի մասին հետևողականորեն լռում է իշխանությունը։ Ազատագրական շարժումը կարևոր է համարում համազգային ուժերի մոբիլիզացումը և ազգային միասնականություն ապահովելը՝ նոր կորուստներից խուսափելու և կրկին դավաճանություն թույլ չտալու համար։
Մենք հայ ազգին կոչ ենք անում թույլ չտալ հերթական գործարք թշնամու հետ, ինչը հանգեցնելու է նոր տարածքների կորստի և նոր զոհերի։ Մենք շարունակում ենք ստորագրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով՝ հանուն ազգային միասնության և հանուն հայկական պետականության։
Ազատագրական Շարժում