Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։
Ավելին, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
Վերոհիշյալ գործողությունները տրամաբանական շարունակությունն են վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած ահաբեկչական արշավի, որը դրսևորվում է խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումների գործադրմամբ, կրակի դադարեցման ռեժիմի պարբերական խախտումներով և Արցախը սնուցող միակ գազատարի խափանմամբ, ինչի արդյունքում հանրապետությունում հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել։
Ադրբեջանի կողմից իրականացվող այս բոլոր գործողությունները ոչ այլ ինչ են քան պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը։