Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) օրերս հրապարակել է «Նանա Մուրադյանն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով որոշումը որով դատարանը որոշել է բավարարել Նանա Մուրադյանի բողոքը: Որոշմամբ դատարանն արձանագրում է, որ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը. դիմումատուի զինծառայող որդու կյանքը պետության կողմից չի պաշտպանվել, ինչպես նաև չի իրականացվել դիմումատուի որդու մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն: ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է Նանա Մուրադյանին վճարել 20.000 եվրո, գրում է News.am-ը։
Նշենք, որ 2009թ. նոյեմբերին Վ. Մուրադյանը զորակոչվել է հայկական բանակ և զինծառայության անցել Արցախում: Ծառայությունից ամիսներ անց՝ 2010թ. մարտի 15-ին, ժամը 12:35-ի սահմաններում, Վ. Մուրադյանի դին հայտնաբերվել է զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված։
Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ և որպես ինքնասպանության պաշտոնական պատճառ նշվել է Վալերի Մուրադյանի 3000 դրամ պարտքը:
Վալերիի մայրը՝ Նանա Մուրադյանը, հարուցված քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Հարցաքննվելիս Ն. Մուրադյանը նշել է, որ դեպքից մի քանի օր առաջ որդին իրեն պատմել է, որ զորամասում ականատես է եղել վառելիքի գողության։ Նա չի հավատում, որ իր որդին կարող էր ինքնասպան լինել: Փաստել է, որ որդուն սպանել են այն զինծառայողները, որոնց տեսել է վառելիք գողանալիս։