Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում և այդ մեքենան չարժե 200․000 դոլար, արժե ավելի քիչ։ Այս մասին «Ազատություն TV»-ի հետ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով քաղաքացիներից մեկի՝ բյուջեից թանկարժեք մեքենա գնելու վերաբերյալ հարցին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ պետական պաշտոնյա դառնալուց հետո իր կյանքի որակը փոխվել է դեպի վատը, իր ազատությունը սահմանափակվել է, ինքը ցանկանում է հեծանիվ վարել, բայց չի կարողանում, մեկ անգամ փորձել է, և տեսել, որ անվտանգության ծառայողները հսկել են և ստիպված է եղել դադարեցնել։
Հարցին, թե բյուջեից հատկացված 54 մլն դրամով ձեռք բերված երեք մեքենան, իրեն սպասարկող մեքենային չե՞ն ուղեկցում, Ալեն Սիմոնյանն ասաց․«Ինձ երեք մեքենա չի ուղեկցում, մեկը ԱԺ–ի համար է, երկուսն՝ անվտանգության աշխատակիցների»։
Դիտարկմանը, թե երկու մեքենան այսինքն իրեն են ուղեկցում, Սիմոնյանն ասաց․«Ուղեկցում են այդ մեքենան, որի մեջ ես եմ, ուղեկցում են, որովհետև չեն կարող չուղեկցել։ Ընթացիկ խնդիրները լուծելու համար ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ և 550․000 դոլարանոց զրահապատ մեքնայից հրաժարվել եմ։ Քանի որ առկա մեքենան շատ ծախսեր էր առաջացնում, որոշեցինք նոր մեքենա գնել։ Այսինքն, եթե նոր մեքենա չգնեինք, դա բյուջեի վրա շատ ավելի թանկ էր նստելու և կստացվեր, որ մենք անիմաստ ծախս ենք անում»,- ասաց ԱԺ նախագահը։