Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությանը այն մասին, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ քառօրյա նիստերին և մեկնելու են Հայաստանի սահմանամերձ գյուղեր և Արցախի Հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը հարցեր հղեց ընդդիմության ներկայացուցիչներին։
«Ուզում եմ հասկանալ, լավ այս մարդիկ (ընդդիմադիր պատգամավորները – խմբ.) ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու, ե՞րբ են այս մարդիկ իրենց վրա պետության կողմից ծախսված գումարները արդարացնելու»,- ասաց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը ընդդիմության մեղադրեց շատ քիչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու և միջազգային այցերի և հանդիպումներին գրեթե չմասնակցելու մեջ։
«Ամենահայտնի «հանդիպումը» Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ զեկույցին դեմ քվեարկելն էր։ Դրանից հետո որևիցե էական, լուրջ, նշանակալի հանդիպման չեն եղել։ Չեն եղել առաջարկներ վարչապետին, Արցախի թեմայի շուրջ հանդիպում անցկացնել և իրավիճակի հետ կապված նաև թե տեղեկություն ստանալ։ Ոչ, նրանց խնդիրն է գալ այստեղ և ասել, թե իրենցից ամեն ինչ գաղտնի են պահում և խուսափել բոլոր տեսակի խոսակցություններից։ Զուգորդված աշխատանք ադրբեջանական զինված ուժերի հետ։ Հայտարարություն՝ սադրանք սահմանին, հայտարարություն՝ սադրանք սահմանին ։ Հենց ամբողջը իրար հետ զուգորդված։ Սրանք զուգադիպություններ չեն։ Եվ սրա պատասխանը դուք պետք է տաք՝ ձեր չաշխատելու, ձեր այստեղ չգալու։ Ձեզ թվում էր ինչո՞ւ էին բոլորը այստեղ հավաքված և այստեղ հայտարարություն անում ու դուրս գալիս, որպեսզի սեղմվի այն կոճակը, որը ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշվին։ Խմբակցությունը հանգիստ կարող էր հայտարարություն տարածել և ընդհանրապես չգալ այս դահլիճ, բայց ոչ, պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել ԱԺ աշխատակազմին, ասելով՝ սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ մեր բացակաները համարել հարգելի և աշխատավարձից չպահել։ Սա է մեր այսօրվա ընդդիմությունը»,- ընդգծեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը հետաքրքրվեց նաև ընդդիմությունից, թե ինչու իրենք մանդատները վայր չեն դնում։ Սիմոնյանը վստահ է, որ չեն կարող դնել։
«Դրեք ձեր մանդատները։ Եթե այստեղ գործունեություն չեք ծավալում, ապա ի՞նչ եք անում դուք այստեղ։ Ինչո՞ւ եք գալիս այստեղ, ինչի՞ եք աշխատավարձ ստանում։ Ինչո՞ւ են այդ գումարները ձեզ սպասարկելու համար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք։ Մեկ է այդ կայքերը ոչ մեկ չի կարդում, հեռուստաալիքներն էլ, բացի ձեր ընտրողների մի փոքր զանգվածից, մարդ չի նայում։ Գտեք ձեզ»,- շեշտեց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ պնդեց և շեշտեց, որ, ցավոք, այսօրվա հայաստանյան ընդդիմության գործունեությունը ունի մեկ ուղղություն և այդ ուղղությունը զուգորդված գործողություններն են ադրբեջանական սադրանքների հետ։
«Այլ քաղաքական օրակարգ հայաստանյան ընդդիմությունը չունի»,- եզրափակեց Սիմոնյանը։